ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԻՑ
«Կան վճռական պահեր ժողովուրդների ու պետությունների կյանքում, երբ պիտի ի հայտ գան վճռական գաղափարներ և այդ գաղափարներն իրագործող մարդիկ, որ կկարողանան ժողովրդին իրենց հետևից տանել: Հազվագյուտ բարեբախտություն է, երբ ժամանակը, ժողովուրդը և առաջնորդները գտնում են իրար: 1988 թ. այսպես էր: Շատ կարճ տևեց: Ցավոք սրտի: Ժամանակի պահանջը, ժամանակի ոգին և ժամանակի առաջնորդները իրար համապատասխանեցին: Մեզ խանգարեց անհանդուրժողականությունը»:
«Ոչ մի ծրագիր, որքան էլ փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդը ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»:
ՓՈՔՐԻԿ ՏԵՂԵԿԱՆՔ
Ավելի քան 30 տարի ծառայելով խորհրդային բանակում` ՀՀ նորաստեղծ բանակի հրթիռահրետանային զորքերի հիմնադիր հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը համակողմանի գիտելիքներ ու մեծ փորձ էր ձեռք բերել հրթիռահրետանային զորամիավորումների ձևավորման ու կայացման գործում՝ ստանձնելով զինվորական կորպուսի հրթիռահրետանային զորամիավորման հրամանատարի պաշտոնը, բարեխիղճ, օրինակելի ծառայության համար արժանանալով հրամանատարության խրախուսանքին և կառավարական մի շարք պարգևների: Ռուսական բանակի հրամանատարությունը, հարգելով գնդապետ Վլադիմիր Հայրապետյանի խնդրանքը, 1992 թ. մայիսին նրան գործուղել է Հայաստան՝ ծառայությունը շարունակելու ՀՀ նորաստեղծ բանակում:
Պարգևատրվել է «ՀՀ մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԼՂՀ «Արիության» մեդալով:
«ՀԱՅՐԵՆԻՔՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ Է, ԵՎ ԵՍ ՊԵՏՔ ԵՄ ԲԱՆԱԿԻՆ»
-Ես՝ խորհրդային, այնուհետև Ռուսական բանակի հրետանավոր, ապա՝ գնդապետ, ծառայում էի ՌԴ Կեմերովո քաղաքում՝ որպես զորամիավորման հրթիռահրետանային զորքերի գլխավոր հրամանատար: 1992 թ. փետրվարի սկզբին հերթական արձակուրդ վերցրի, եկա Երևան: Վաղեմի բարեկամներիս՝ Մկրտիչ Աբրահամյանի և Գուրգեն Դալիբալթայանի հետ ներկայացա ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանին: Նա ինձ ընդունեց ջերմորեն ու հարգանքով: Մեկ ժամ զրուցեցինք: Ասացի, որ մամուլի, հեռուստատեսության հաղորդումներից տեղեկանալով Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ ագրեսիայի մասին և զգալով, որ իմ գիտելիքներով ու հմտություններով կարող եմ օրհասական ժամին օգտակար լինել իմ հայրենիքին` ուզում եմ ծառայել նորաստեղծ Հայոց բանակում: Վազգեն Սարգսյանը մեծ ուշադրությամբ լսեց ինձ, հավանություն տվեց որոշմանս և մակագրություն արեց դիմումիս վրա, ասելով. «Նշանակվում եք ՊՆ հրթիռահրետանային զորքերի վարչության պետ»: Շատ տպավորված այդ հայրենասեր մարդու՝ ազգի ճակատագրի համար մտահոգ ապրումներից, հայրենիքի պաշտպանության համար հնարավորն ու անհնարինն անելու ձգտումից՝ ուզում էի ժամ առաջ իրականացնել նպատակս: Վերադարձա Կեմերովո և ղեկավարներիցս մեկին ասացի. «Ես պետք է գնամ հայրենիք և ծառայեմ հայկական բանակում»: Նա թե. «Ինչու՞ ես գնում, Հայաստանում պատերազմ է, իսկ այստեղ ամեն ինչ ունես»: Պատասխանեցի. «Հայրենիքս պատերազմի մեջ է, և ես պետք եմ բանակին»: Բարձրացավ տեղից, գրկեց ինձ ու հաջողություն մաղթեց:
Նկատառելով 31-ամյա ծառայությունս հրետանային ու հրթիռային զորքերում և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու մեծ ցանկությունս՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի՝ 1992 թ. հունիսի 13-ի թիվ 579 հրամանով նշանակվեցի ՀՀ պաշտպանության նախարարության հրթիռային և հրետանային զորքերի վարչության պետ. առաջին պետն էի: Սկսեցի 0-ից: Սպաները քիչ էին: Պետք էր նաև զորակոչ սկսել: Հրետանու զենքն առանց սպայի ոչինչ է: Մտնում էի զինկոմիսարիատներ և հրետանավորներ փնտրում: Գտա թոշակի անցած սպաների, նաև ինձանից առաջ ու հետո սովորած սպաների: Ձեռնամուխ եղանք հրետանու ձևավորման գործին: Կարելի է ասել՝ օր ու գիշեր աշխատում էինք, ներդնելով մեր ամբողջ ներուժը, եռանդն ու կորովը՝ հասանք մեր նպատակին: Ստեղծում էինք առաջին կազմավորումները և ուղարկում մարտական առաջին գիծ՝ տարբեր ուղղություններով: ՈՒղարկում էինք և ապա գնում տեղերում ստուգելու վիճակը:
Ծառայության ընթացքում մոտիկից ու խորությամբ ճանաչեցի Վազգեն Սարգսյան հային, ով իր կյանքով, գործունեությամբ, գաղափարախոսությամբ փայլուն կերպով իրագործեց հայոց զինուժի կազմավորումը, եղավ մեր ազգային բանակի փայլուն հաղթանակների ոգեշնչողն ու իրագործողը: Հայ մնալու հիմնական գրավականը նա համարում էր հզոր պետականության կայացումը: Եվ որպեսզի հայն ունենա հզոր պետություն, պետք էր, որ ունենա հզոր բանակ: Իր կյանքի նպատակը, իմաստը համարում էր Հայոց բանակի կազմավորումը, կայացումն ու հզորացումը: Արդեն տեղյակ լինելով, թե ինչ է իրենից ներկայացնում հրետանին, որ այդ կարևոր զինատեսակի կազմավորումը բավականին բարդ խնդիր է, շատ ուշադիր էր իմ հանդեպ, ասում էր. «Եթե վարչությունների պետերը, այլ ղեկավարները քեզ չօգնեն, արի ինձ մոտ, ինքս կկարգավորեմ»: Այսինքն՝ մեր զորատեսակի ձևավորման հիմքում Վազգեն Սարգսյանն էր, օգնում էր, աջակցում, սատարում բոլոր հարցերում՝ կադրային, տեղաբաշխման, նորոգման, համապատասխան կադրերի պակասը լրացնելու:
Լուսակերտի զորամասի տարածքը շատ հարմար էր կրտսեր հրամանատարական կադրեր պատրաստելու համար: Վազգենն ասաց. «Այսօրվանից այդ գումարտակը քոնն է, սկսիր այս գործը»: Ստեղծեցինք առանձին ուսումնական հրետանային դիվիզիոն, մեկ տարի անց՝ առանձին հրետանային գունդ: Ցանկալի էր, անհրաժեշտ, որ շենքի դիմաց Գարեգին Նժդեհի արձանը կանգնեցվի: Նա մեծ նվիրյալ էր, մեծ գործեր էր արել Լեռնային Հայաստանի համար, փրկել Սյունիքը: Մեկը հուշեց, թե` քանդակագործ Թոքմաջյանի որդուն բանակ են զորակոչել: Ինստիտուտն ավարտել է: Հոր հետ քանդակում է:
Երբ Նժդեհի արձանի մանրակերտը ձեռքիս ներկայացա Գլխավոր շտաբի շենք, Վազգենը հարցրեց. «Ի՞նչ է, նվե՞ր ես բերել»: Ասացի. «ՈՒզում ենք կանգնեցնել Լուսակերտի ուսումնական զորամասում»: Հավանություն տվեց: Շատ ուրախացա: Խնդրեցի. «Թույլատրեք քանդակագործ Լևոն Թոքմաջյանի որդուն՝ Հայկին, զորակոչել մեր զորամաս»:
Համապատասխան չափի քար գտանք, բերեցինք զորամաս: Արդեն դեկտեմբերի վերջն էր: ՈՒզում էինք անպայման մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, բացումը կատարել: Սկսեցինք նախապատրաստվել հուշարձանի բացմանը:
...1992 թ. հուլիսն էր, պատերազմի ծանր օրեր էին: Ես ասացի, որ միայն պաշտպանությամբ հնարավոր չէ հաղթել թշնամու զինված ստորաբաժանումներին, անհրաժեշտ է նախապատրաստվել հակահարձակման: Սկսեցի աշխատանք տանել ենթակա անձնակազմի շրջանում՝ նախապատրաստելով թշնամու կրակային խոցմանը: Պետք էր տակտիկական որոշակի միջոցներ ձեռնարկելով և պաշտպանության դիրքերից ջախջախիչ կրակ կիրառելով՝ ոչնչացնել հակառակորդի ամրաշինական կարևոր կառույցները՝ հրետանային պատնեշ ստեղծել հայկական կամավորական ջոկատների և զորամիավորումների հաղթական առաջընթացի համար: Հրթիռահրետանային զորամիավորումները հստակ գիտակցում էին, որ հայկական գրոհող կողմի խափանիչ կրակով թշնամու ճակատի առջև ստեղծելով համապատասխան ծածկոց՝ ապահովվում է մեր կամավորական ուժերի առաջխաղացումը, որը շատ կարևոր էր թշնամու կողմից գրավված տարածքների ազատագրման առաջադրանքն իրականացնելու համար: Եվ այդ ժամանակահատվածում մեր հրետանավորների կողմից թշնամու ճշգրիտ զենքերի համակարգերի՝ հրետանու, տանկերի, հետևակի մարտական մեքենաների և այլ ռազմամիջոցների կասեցումն ապահովեց թշնամու խուճապահար նահանջն ու պարտությունը: Հրետանին ճանապարհ անցավ: Զոհեր տվեցինք: Թևավոր խոսք կա՝ հրետանին պատերազմի աստվածն է: Առանց հրետանու դեռ ոչ մի հաղթանակ չի եղել:
1994 թ. ինձ շնորհվեց գեներալ-մայորի կոչում, և ես ավելի մեծ պատասխանատվությամբ ու պարտավորվածությամբ ձեռնամուխ եղա նորաստեղծ բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանում հրթիռահրետանային ամբիոնի հիմնադրման, կահավորման և ռազմատեխնիկական ապահովվածության խնդիրները լուծելու գործընթացին, որով ապահովվեց երիտասարդ հրթիռահրետանային սպայական կադրերի պատրաստումը տեղական ուժերով:
Վազգեն Սարգսյանը շատ էր ուրախանում մեր հաջողություններով: Մեծ է նրա դերակատարումը ՀՀ ԶՈՒ կազմավորման, Արցախյան ազատամարտը հաղթական ավարտին հասցնելու գործում: Քաջ գիտենալով, թե նախկին խորհրդային և ապա ռուսական բանակում ծառայող կադրային սպաները որքան մեծ օգնություն կարող են ցուցաբերել նորաստեղծ բանակի կազմավորման, մարտական գործողությունների պլանավորման ու իրականացման գործընթացներում՝ կարողացավ իրականացնել հարյուրավոր հայ սպաների, նաև գեներալների հայրենիք վերադարձը: Նրանք, համագործակցելով երկրապահ ջոկատների և այլ ուժերի հետ, մեծ ներդրում ունեցան բանակի ձևավորման ու մարտունակության հզորացման խնդիրներն իրականացնելիս: Սպարապետն անձամբ էր վերահսկում ու կանոնակարգում ընդհանուր փոխհարաբերությունները, և արդյունքում բոլորի համատեղ ջանքերով ձևավորվեց հայոց ազգային բանակը, կարողացանք հաղթել պարտադրված պատերազմում: Իր պլաններում նա միշտ նայում էր առաջ, նպատակը մեկն էր՝ էլ ավելի մարտունակ ու հզոր դարձնել բանակը: Բազմիցս տեսել եմ և իր պատմական՝ 500 մահապարտներ հավաքելու ելույթի օրը նույնպես տեսա նրա արցունքները: Չեմ վարանի ասել, որ եթե իր փոխարեն ուրիշ մեկը լիներ ՀՀ պաշտպանության նախարարը, գուցե իմ աշխատանքը չստացվեր: Նրա հայացքից հայրենիք, հայրենասիրություն էր ճառագում: Ո՜նց կարող էի հեռու մնալ իրենից: Մեծ հարգանքով էր վերաբերվում խորհրդային բանակի սպաներիս: Գիտեր բոլորի խնդիրները: Հունիսի սկզբին էի եկել, դեկտեմբերին արդեն ինձ բնակարան հատկացվեց Հարավ-արևմտյան զանգվածում: Իմ ծննդյան 60-ամյակի օրը գիրք նվիրեց:
Չեմ մոռանում Սպարապետի խոսքը. «Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքն ապագային»:
Զրուցեց և հրապարակման պատրաստեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ